Նախադպրոցական կրթության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային կրթական ծրագրի բաղկացուցիչն է:
Նախակրթարանը գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով:
Նախակրթարանն իրականացնում է նախադպրոցականի (այսուհետև՝ սան) խնամք, զարգացում, ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում:
Կրթահամալիրի նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում
Նախակրթարան ընդունվում են 2-5 տարեկան երեխաները, որոնց ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին, կնքում են սահմանված պայմանագիրը դպրոց-պարտեզի ղեկավարի հետ: Ներկայացվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի պատճեն, համապատասխան տեղեկանք առողջական վիճակի մասին և 2 լուսանկար:
Նախակրթարանի գործունեության կազմակերպում. աշխատանքի ռեժիմ
Նախակրթարանի և ծնողի հարաբերությունները կարգավորվում են տնօրենի և ծնողի միջև կնքված պայմանագրով: Պայմանագրով նախատեսված ծնողական վճարները ծախսվում են կրթահամալիրի խորհրդի հաստատած նախահաշվի համաձայն։
Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից`
ժամը 09.00-17.00`լրիվ օրով,
ժամը 09.00-13.00՝ոչ լրիվ օրով:
Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում են
ուսումնական օրացույցով,
աշխատանքային նախագծերով։
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դաստիարակները կատարում են սաների հաճախումների հաշվառում մինչև ժամը 09։30 և գրանցում էլեկտրոնային մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09.30:
Նախակրթարանում գործում է սահմանված ամենօրյա օրակարգ՝ 09.00-10.00 առավոտյան ծեսով։
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Ճանապարհին տեսնելով ընկերոջը՝ թողնում են մայրիկների ձեռքը, ողջունում կամ գրկախառնվում են և միասին հետազոտելով, հարց ու պատասխանով, հաշվելով աստիճանները, երգելով, արտասանելով, ցատկոտելով՝ հասնում են խումբ: Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:
Դաստիարակները կատարում են սաների հաճախումների հաշվառում մինչև ժամը 09։45 և գրանցում էլեկտրոնային մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09.30:
Եղանակային բարենպաստ պայմանները ամբողջ տարվա ընթացքում թույլ են տալիս զանազան, տարաբնույթ գործունեություն ու նախագծեր իրականացնել բակում, դե, իսկ ամռանը սաների գրեթե ամբողջ օրն անցնում է բակում։ Խմբասենյակ մտնելիս առաջին հերթին բացում ենք պատուհանները (չօդափոխված սենյակում արգելվում է որևէ գործունեություն), խնամում ենք սենյակային բույսերը: Միջավայրի խնամքը ոչ միայն խմբում, այլև բակում են իրականացնում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները: Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն:
Կյանքով ուսուցում, որը անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:
Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում, այլ մարդիկ են, ովքեր ոգեշնչում են, որ սանը կամ սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
Նախակրթարաններում սկսեցինք մի նախագիծ՝ «Ցեխաթերապիա»։
Դե, լողավազան, ջուր, հրճվանք՝ հիանալի ու աննկարագրելի, բայց երբ ջուրն ու ցեխը միանում են խաղին, երբ երեխաները ցեխոտվում են՝ առանց վախվորած աչուկներով նայելու՝ ինչպես են խաղին միանում նաև դաստիարակները զայրանալու փոխարեն, դա լրիվ ուրիշ հրճվանք է։ Չլըմփ-չլըմփ ջրի մեջ, հետո՝ թավալ ցեխի մեջ. հաստատ մայրիկները կերազեն մանկանալ մի պահ, գոնե 5 րոպե միանալ ցեխախաղին։ Իսկ երեխաների ծիծաղը , ջրի չլմփոցը, ցեխի ճպճպոցը, թռչունների ծլվլոցը, կանաչ լանջերի բույրը միախառնվելով ստեղծում են դրախտային պատկեր՝ պարգևելով անսահման վայելք՝ մանկություն բոլոր տարիքներում։
Բարի լո՛ւյս, Ագարակ նախագիծ 9։00-Օրն սկսում էինք սաներին դիմավորելով Ագարակում կամ քայլքով. երգելով խմբից գնում էինք դեպի Ագարակ։
9։30-արդեն Ագարակում էինք, և սկսվում էր առավոտյան ծեսն իր տարածքը հավաքելով, ջրելով, երգ ու պարով, ռոդարիական նախավարժանքով։
10։30-լվացվում էինք և հենց Ագարակում կազմակերպում նախաճաշ, որից հետո հագնում էինք լողազգեստները, կերակրում կենդանիներին, ձիավարում և, իհարկե, չլըմփ- չլըմփ Ագարակի լողավազանում ։ Մեզ միանում էին նաև ծնողները , ձիավարում, շոյում կենդանիներին, շփվում։ Խոստացել ենք, որ նախագիծը կլինի շարունակելի:
Ա՛յ, այսպիսի խենթ միջավայր ու մոլորակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Այս բոլոր խաղերի ընթացքում երեխան անընդհատ շարժման մեջ է: Երաժշտություն + խաղ + մարմնամարզություն + ազատություն և երևակայություն = կյանքի բնական ընթացք. ահա՛ մեր ուսուցման բանաձևը:
Դաստիարակների աշխատանքային գործունեությունն արտացոլվում է ուսումնական բլոգում, սոցիալական ցանցերում: Նախօրոք նրանց բլոգներում տեղադրվում են օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագծերը: Աշխատանքային նախագծերի քննարկումներին մասնակցում են ծնողները, տատիկ-պապիկները…
Քնի ժամին կամ օրվա վերջում կամ հաջորդ օրը ամփոփվում է օրվա աշխատանքը և տեղադրվում բլոգում–ենթակայքում:
Այս ամենից հետո ինքնուրույն միացնում են նեթբուքը և դիտում նախորդ օրվա մասին պատմող ֆիլմը, քննարկում, ընկերներին տեսնում, գտնում ֆիլմում, մի լավ հրճվում , որին հաջորդում է նախաճաշը 10:30: Լվացվում և պատրաստվում ենք նախաճաշելու։