Աշխարհի շուրջ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր դաստիարակների լաբորատորիա։
Հոկտեմբերի սկզբին Քնարիկ Ներսիսյանից նամակ- հրավեր ստացա, որ կրթահամալիր են ժամանելու արվեստի մարդիկ՝ վարպետներ Կատարժինա Սանան (դերասան, օդային ակրոբատ, ջութակահար, 23 տարեկան, Լեհաստան) և Լուի Փոիսոն( երգիչ, երաժիշտ.կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ, ֆլեյտա, ժանգլյոր, ակրոբատ, 21 տարեկան, Ֆրանսիա) «Կրթական փոխանակումներ.կրկես և պլաստիկ թատրոն» վերապատրաստման դասընթացով և մեզ հետ կլինեն հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 3-ը, երկու շաբաթ կապրեն և կաշխատեն կրթահամալիրի Հյուսիսում։

Ծրագրում՝

  • Ակրոբատիկա,
  • ժանգլյորություն,
  • կոնտակտային իմպրովիզացիա,
  • տարբեր ազգերի պարեր,
  • օդային հմտություններ,
  • երգ և ռիթմիկա,
  • դերասանական արվեստ,
  • շարժում և բեմական կապ։

Մեզ ի՞նչ է մնում՝ ուրախությամբ տեղեկացնել մեր խենթերի խմբին (դատիարակներին)…. Ստացա դրական պատասխան։ Ուրախությամբ և մեծ ոգևորվածությամբ հայտագրվեցինք, և հանդիպումը շատ չուշացավ ։ Առաջին հանդիպման ժամանակ ծանոթացանք և սկսեցին ներկայացնել ծրագիրը. սկզբնական շրջանում թարգմանում էր մեր շրջանավարտ Սուրեն Պողոսյանը ։
Ամենաառաջինը, ինչը գրավեց ինձ, այն էր, որ միակ նպատակը և առաքելությունը մեզ միասնական , գերագույն հաճույք , ներքին և արտաքին հրճվանք, սրտի թրթիռ արթնացնելն էր ։ Շատ կարևոր կյանքի կանոներ էին ամեն անգամ մեզ «ներարկում»՝ սկզբի 15-20րոպեն հոգու խաղաղության, ներքին և արտաքին ներդաշնակության ձևավորում, ու առաջնայինը այն է բեմում, որ բաց թողնես դրական էներգիա, այն է՝ ինքդ առաջինը հաճույք պարգևես քեզ, ապրես ներկայացումը, խաղաս, արարես, սավառնես, զգաս մարմնիդ յուրաքանչյուր բջիջը ու նոր շռայլորեն իրավունք ունենաս այն մատուցել մի շնչով, մի ակնթարթով, արդար լինես ինքդ քո հանդեպ՝ պարգևելով և ստանալով այդ գերբնական ուժը։ Զարմանալի է, բայց էնպես արագ ու մատչելի էին ներկայացնում, որ անհավանականը միանգամից վերանում էր, էներգիան մի ակնթարթում երակներովդ այնպես էր սնուցում սիրտդ ու միտքդ, որ միանգամից հայտնվում էիր օդային համարներում։
Առաջին հանդիպման ժամանակ ֆիլմը պատրաստում էի ու մտածում՝ սա մենք ե՞նք…. պարզվում է՝ ամեն մարդ իր ծննդյան օրվանից օժտված է հսկայական ստեղծական ներուժով: Կարևորն այն է, որ կարողանաս իսկապես այն բացահայտել: Երևակայությունն է ընկած յուրաքանչյուր մարդկային ձեռքբերման հիմքում: Երևակայությունը մեզ հնարավորություն է տալիս ստեղծագործաբար մտածել։ Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք այն: Եվ այդ ամբողջ ընթացքում գլխումս պտտվում էր միայն Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», ով օժտված էր անսահմանափակ հնարավորություններով, ում համար գլխավոր նպատակը կերը չէր, այլ՝ թռիչքը…
Շնորհակալ եմ երկշաբաթյա ճախրանքի, խենթություների, համագործակցության, նոր ընկերներ ձեռք բերելու համար, թեև իրար լեզու չէինք հասկանում (ասեմ ավելին՝ լեզուն ընդհանրապես մեզ չէր խանգարում հաղորդակցվել)։ Իսկ երբ միտքդ ,սիրտդ ու հոգիդ նվիրվում է, լեզուն ավելորդություն է ։ Միմյանց հասկանում էինք ցանկացած ժեստից, կարող էր դա լիներ ժպիտը, հայացքը, ձեռքերի շարժումը. չգիտեմ՝ նկատե՞ց հանդիսատեսը, թե՞ ոչ, բայց մենք ամբողջ ընթացքում իրար էներգիա էին փոխանցում հայացքով, մենք միմյանց էինք նայում և փոխանցում այդ մեծ էներգիայի հոսքը։ Մեզ սովորեցրին, որ գլխավորը միասնականությունն է, սերը՝ տիեզերական սերը՝ էներգիայի մեծ պաշար պարգևող։ Շնորհակալ եմ և ափսոսում եմ, որ այսքան արագ անցան օրեր ։ Քնարիկ Ներսիսյան և ընկերներ , սպասում ենք նոր ճախրանքի ։

Տիեզերքի բոլոր գործընթացները զարկերակային են: Ապրելու համար մենք շնչում ենք. Որպեսզի թթվածինը հարստացնի հյուսվածքը, սիրտը ընդլայնվում և կծկվում է ամեն վայրկյան: Մենք քնում ենք և արթնանում: Մենք ապրում ենք, մեռնում ենք, և հետո մեր հոգին նորից հայտնվում է այս երկրի վրա: Տիեզերքում մեկանգամյա գործընթացներ չկան: Մեր Երկիրը պտտվում է ժամանակի երկու հոսքում: «Ձախ» և «աջ» հասկացությունները բնական են ինչպես նրա համար, այնպես էլ ցանկացած կենդանի էակի համար: Մարդկանց մոտ մարմնի աջ կողմը կապված է ապագայի հետ, ձախը `անցյալի հետ: Ապագան հոգևոր է, անցյալը ՝ նյութական: Թողնենք անցյալը և ապագան ապրենք և արարենք ներկայով ։ Սերը հզոր ուժ է ։
Հ.Գ. չեմ մոռանա դաստիարակների՝ ոգևորված, ուրախ, եռանդուն և պատրաստակամ, առանց տրտնջալու հանդիպումները։

Իսկ վերջում սրտով, մտքով և մարմնով  ճախրեցինք  ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ։

Ֆիլմը`Անահիտ Գրիգորյանի
Լուսանկարը`Անի Սարգսյանի