Դդմածես

Դդմածես, դդմագովք, դդմագլոր։
Էլ ի՞նչ հունվար առանց դդմածեսի։ Սկսում ենք 2-4 տարեկանների «Դդմածես, դդմագլոր, դդմագովք» նախագիծը։
Խմբասենյակները լի են տարբեր տեսակների, գույների և չափերի դդումներով։ Կատարվում են դդումների գնումներ, լուսանկարում ծնողի կողմից, սանը պատմում է, թե որտեղից է գնում դդումը, հարցուփորձ անցորդներին, ընտանեկան դդմաուտեստներ՝ է՛լ դդմապուր, է՛լ դդմաթխիկ, դդմի մուրաբա, դդմաբլիթներ…նկարահանում և հրապարակում են սոցցանցերում։ Էլ ի՞նչ դդմածես առանց դդմագրոհի, դդմագլորի, դդմագլուխկոնծիի։ Դդումը դառնում է ձի, որին հեծնում ենք, դառնում է դհոլ, գնդակ, մարզական գույք։ Հաղթահարում ենք դդմարգելքները, գլորում մեծ ու փոքր դդումները, գլուխկոնծի տալիս,մի լավ ուրախանում, հրճվում։ Տոնը զարդարում են դդմալուսանկարներն ու խենթ պատկերները, ապա՝դդմանկարչություն, դդմաքչփոր. բա չտեսնե՞նք՝մեջը ով է բնակվում, ինչպիսին է դդումի տնակը, ինչքան սպիտակ ու օգտակար կուտիկներ կան, առանձնացնենք սերմը, հետազոտեք, համտեսենք։ Հետո պիտի կուտիկները ցանենք և սպասենք, մինչև հայտնվի դդմի ծիլը։ 

Ավետիսով հայտարարենք՝մեր դդում ծլել է, մի լավ գովենք դդմագովքով, երգ ու պարով, ասիկներով, ճվիկներով, դդմախաղով։ Գովենք, գովենք, ո՞ւմ դդումը գովենք՝Քոլեջի՜, Արևելքի՜, Արևմուտքի՜, Հյուսիսի՜, Հարավի՜ դդումը գովենք, հանելուկներ և շուտասելուկներ հորինենք։

Տարածենք և լուսանկարենք մեր դդումների շքերթը։ Խոսենք դդմի օգտակարության և բուժիչ հատկությունների մասին։ Խմբասենյակը, բակը, ներսն ու դուրսը զարդարում ենք դդմատեխնոլոգիական ցուցահանդեսներով, դդմալուսանկարներով, դդմագովազդով, դդմաժպիտներով խաղում ենք ազգային և բակային դդմախաղեր, հորինում դդմապատումներ, դդմահեքիաթներ։

Իսկ վերջում, իհարկե, բոլոր խմբասենյակներում կբուրեն ղափամաները՝ մեղրը մեջը ղափաման, չիր ու չամչով ղափաման, եղ-բրնձով ղափաման, համով-հոտով ղափաման։

Համեցե՛ք ղափամաների ցուցահանդեսին և համտեսին…

Դդմագովք 1

Աղջկեք, պար բռնեցեք,
Դդումի հասակ գովեցեք,
Այ հասակ, բարձր հասակ,
Կվայելե դափնե պսակ:

Աղջկեք, պար բռնեցեք,
Դդումի գույնը գովեցեք,
Այ դդում, կարմիր դդում,
Արևի պես պայծառ դդում:

Աղջկեք, պար բռնեցեք,
Դդումի համը գովեցեք,
Այ դդում, համով դդում,
Մեղրից անուշ, քաղցր դդում:

Դդմագովք 2

Դդում, էս ինչ համով ես,
Դդումի համը փորձելու ենք եկել,
Տըռուզ – մռուզ փոր ունես,
Ղափամա եփելու համար ենք եկել:

Ոսկե նախշուն մազերդ,
Դդումին գովելու համար ենք եկել,
Օլոր – մոլոր թափել ես,
Դդումին տանելու համար ենք եկել:

Դդումին գովելու համար ենք եկել,
Դդումին տանելու համար ենք եկել:

Գովք

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Դդումին գովենք:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, դդում, ջան, ջան,
Դդումի համը գովենք,
Ջան, դդում, ջան, ջան:

Դդում նստե ծառի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Չամչին առե թևի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Դումը ձին հեծել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Թոնրատան մոտ հասել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Բրինձ, չամիչ, մեղր ու յուղ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Ուր փորի մեջ լցել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Տաք թոնրի մեջ էփել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Մեր սեղանին բազմել է,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Մերդ կերավ ղափամա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Քոզի բերավ թամադա,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Ղափաման

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Յուղը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը չամիչ, ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը բրինձ, ղափամա:
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ջան, ղափամա,
Ուտողը ոնց դիմանա, ջա՜ն։

Դդում, դդում, մոտ արի,
Տես քե ինչեր ենք բերել,
Չիր ու չամիչ ենք բերել,
Յուղ ու մեղր ենք բերել,

Թե երգ կասես՝ բրինձ էլ կտանք,
Թե չես ասի՝ շան ու գիլի փա՜յ կանենք:

Դմբլ-դմբլ դափ-դդում

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ-դդում:

Համով հոտով մեծ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Մեջդ դատարկ դափ- դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դդումն եկավ կուզեկուզ,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Վիզը ծուռտիկ, փորը դուրս,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

 

Կլորիկ ու թմբլիկ եմ,
Կարմիր, համով քաղցրիկ եմ,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
— Չկա՜, չկա՜, չկա՜:

Ալ խնձորի իմ դդում,
Շեկ շլորի իմ դդում,
Կանաչ թզնի իմ դդում,
Կարմիր նռնի իմ դդում:

Մեր դդումը խաս դդում է,
Ջրի միջի թաս դդում է,
Էսպես դդում ո՞վ ունի,
Շորերով շապիկ ունի,
Մարգրտով կոշիկ ունի,
Դեմը ղափամա ունի:

 Խաս գարնցան իմ դդում,
Մաքուր թացան իմ դդում,
Կլոր բերան`
Ժամտան խորան,
Մեղրե մատներ`
Ժամտան մոմեր:

Ասիկները Մարինե Մկրտչյանի բլոգից։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s