Սննդի կազմակերպում

Սաների առողջ զարգացման համար կարևոր նշանակություն ունի սննդի ճիշտ կազմակերպումը։ Նրանք սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝ երկու անգամ:
Կրթահամալիրում ճաշացանկը միասնական է, որը նախօրոք մեզ է ուղարկվում: Ճաշացանկը գրվում է առողջագետի կողմից՝ համաձայնեցնելով խոհարարի, ծրագրի ղեկավարների, դաստիարակների և ծնողի ներկայացուցչի հետ: Մթերքը ստանում ենք մրցույթով շահած կազմակերպություններից շաբաթական երկու անգամ թարմ վիճակում: Նախ՝ ստուգվում են քաշը և որակը, որից հետո տեղավորում ենք համապատասխան տարաների մեջ: Ստացվող սննդամթերքի որակի, ժամկետի պատասխանատուներն են ծրագրի ղեկավարը և խոհարարը: Սննդի կազմակերպման, կերակրացանկի, որակի, անվտանգության հսկիչ-պատասխանատուն դպրոցի առողջագետն է:
Շաբաթվա ճաշացանկը նախօրոք տեղադրվում է դպրոցի ենթակայքում և դաստիարակների բլոգներում: Ծնողը դաստիարակի բլոգից կամ ենթակայքից հետևում և տեղեկացված է լինում օրվա ճաշացանկին: 
Սաների համակողմանի և արդյունավետ զարգացման համար մեծ է ծնողի դերը։
Ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում միշտ առաջնային դերում են եղել ծնողը, ծնող-երեխա-դաստիարակ համագործակցությունը: Ծնողական ակումբում ներկայացվում են ծրագրեր, նախագծեր, որոնք իրականցվում են սաների, դաստիարակների հետ: Հեղինակային կրթական ծրագրում ծնողն էլ է հեղինակ և ներկայացնում է իր հեղինակային ծրագրերը, քննարկում և վերածում խաղ-գործունեության:
Այս իրական, ամենօրյա գործող ընտանիք-պարտեզ կամրջով է անցնում սանը, ով պարտեզից տուն, տնից պարտեզ փոխանցողն է և իմացումի հրճվանք ապրողը: Կրթահամալիրում գործում են ծնողական ակումբներ, և ժամանակին սեմինարները վարում էինք մենք՝ կրթահամալիրի մանկավարժ-մասնագետներս, բայց 2018-2019 ուստարում կազմակերպվում են ծնողական ակումբ-սեմինարներ, որոնք վարում են հենց ծնողները՝ նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։
Հոկտեմբերի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում տրվեց նախակրթարանի՝ 2018թ. «Ծնողական ակումբ» նախագծի մեկնարկը: Սեմինարի հյուրը ԵՊԲՀ դասախոս, սննդաբան, կրթահամալիրի ծնող Արմեն Մկրտչյան էր։Քննարկումներին մասնակցում էին դաստիարկները, դպրոցի ղեկավարները, խահարարներ և, իհարկե, ծնողները:

Նախակրթարանի սաները սնվում են օրը 3 անգամ՝

  • նախաճաշ՝ 09։30-10։00,
  • ճաշ՝ 12։00-12։30,
  • հետճաշիկ՝ 15։00-15։30 ընկած ժամանակահատվածներում։

Դաստիարակները ամենաուշը 09:15-ին տեղեկություն են տալիս խոհարարին տվյալ օրվա հաճախած սաների մասին:
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ: Տվյալ օրվա համար սաներից նշանակում են հերթապահ-օգնականներ (անգամ լվացվելը վերածում ենք ուսումնական գործունեություն-խաղի, լվացվում ենք ինքնուրույն օճառով և թաթիկները չորացնում միանգամյա թղթե սրբիչով):
Մեծանալ, ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն: Լվացվելուց հետո օրվա հերթապահները դաստիարակներից մեկի ուղեկցությամբ իջնում են խոհանոց: Խոհանոցում խոհարարի հետ միրգ-բանջարեղենը կշռելով, հաշվել-համեմատելով, իրար օգնելով՝ բարձրացնում են խմբասենյակ, իսկ ամռանը հիմնականում սնվում են բակում: Օրվա հերթապահները լվացվելուց հետո արդեն խմբասենյակում նախաճաշի, ճաշի և հետճաշիկի նախապատրաստական աշխատանքներ են անում։ Ի՜նչ սիրալիր, իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով, աթոռները ուղղելով, միրգ- բանջարեղենը լվանալով, կտրատելով, համեմատելով, համտեսելով, հետազոտելով միրգ -բանջարեղենների կորիզները, բլբլալով սպասքադրում են սեղանը: Եթե բակում են սպասքադրում, մյուսները խմբասենյակում լվացվում են և պատրաստվում ճաշին, հետո սուրհանդակ է գալիս, թե նախաճաշը պատրաստ է, և սպասում են մեծ ընտանիքին։ Սաների՝ գնացք կազմած «շարասյունը» ժամանում է այն վայրը, որտեղ բուրում են համեղ ճաշիկները, ու կանչում է սպասքադրած սեղանը:
Սա է կյանքով ապրելու հաճույքը՝ դիտարկելով, հետազոտելով, տեսնելով, շոշափելով, թեկուզ սխալվելով ։
Ունեցանք նաև «Բարի լո՜ւյս, Ագարակ» նախագիծը։ Ագարակում էլ հենց սաները նախաճաշում են այդ նախագծի ընթացքում։
Կրթահամալիրում շատ են ազգային ծեսերը։ Ծիսական նախագծերի ժամանակ պատրաստում ենք ազգային ուտեստներ՝ հարիսա, ղափամա, զատկական փլավ, գաթաներ: Միասին «Թթուդրիկի» ծես ենք իրականացնում, «Լավաշթխիկի»  ծեսին էլ լավաշ ենք թխում։ Հենց սաներն իրենք անմիջապես մասնակիցն են դառնում ուտելիքի պատրաստման գործին, գիտեն իրենց անելիքն ու սիրով են անում հեշտ, իրենց համար հասանելի աշխատանքները:
Օրինակ՝ «Ղափամայի», «Հարիսայի», «Թթուդրիկի», «Ծննդյան» ծեսերի ընթացքում ծնողի կամ դաստիարակի հետ սաները գնում են գնումների, խանութում ընտրում են ծեսին համապատասխան պարագաները, կշռում-համեմատում, գումարը տալիս, խանութից տեղափոխում խմբասենյակ, լվանում, կտրատում, խառնում, անպայման համտեսում:
Որքա՜ն հաճելի է կտրտած մրգերից և բանջարեղեններից ժպտացող դեմքեր կամ ծիածան պատրաստելը:
Եվ հաճախ ծնողները զարմանում են,երբ իրենց երեխան, չնայած ծնողների բոլոր ջանքերին, տանը հրաժարվում է ուտելուց, իսկ մանկապարտեզում երեխաների հետ սկսում է ուտել ամենատարբեր ապուրներ ու շիլաներ։ Անգամ ճաշելը վերծվում է խաղի. ամեն անգամ դառնալով վագր, հովազ, գայլ, դինոզավր, բայց ոչ՝ նապաստակ՝ խժռում են ամեն ինչ: Դե, իհարկե, ուտելուց հետո հավաքում են, լվանում մաքրում՝ օգնելով դաստիարակին:
Ինքնուրույնության դրսևորման կարևորագույն նախապայմաններն են երեխային վստահելը ու հնարավորություն տալը, որ գործի, ինքը հաղթահարի փոքր դժվարություններ, որոնք թույլ կտան, որ հավատա սեփական ուժերին, լինի ավելի ինքնավստահ։ Ամենօրյա այս գործունեությունը նպաստում է երեխայի երևակայության, ուշադրության, խոսքի, մտածողության, առողջ ապրելակերպի զարգացմանը:

 

 

 

 

 

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s